Facebook   Twitter
 
Արցախն ավելի մոտ է անկախության միջազգային ճանաչմանը, քան Կոսովոն ու Հարավային Սուդանը, բայց չի ճանաչվում, որովհետև մեծ խաղացողներն ունեն իրենց շահերը. կոնֆլիկտաբան

Արցախն ավելի մոտ է անկախության միջազգային ճանաչմանը, քան Կոսովոն ու Հարավային Սուդանը, բայց չի ճանաչվում, որովհետև մեծ խաղացողներն ունեն իրենց շահերը. կոնֆլիկտաբան

12 Հոկտեմբերի 2017 - 20:37

Ադրբեջանը կսկսի լայնամասշտաբ պատերազմ, երբ ալիևյան կլանն իշխանությունը կորցնելու վտանգի առջև կանգնի և պատերազմով իրենք կփորձեն շեղել ժողովրդի ուշադրությունը, որպեսզի մարդիկ համախմբվեն արտաքին թշնամու դեմ՝ մոռանալով իշխանության փոփոխության մասին:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը: Վերջինս նշեց, որ Ադրբեջանի համար կա հակամարտության կարգավորման երկու տարբերակ՝ բանակցություններ ու պատերազմ, բայց բանակցություններում Ալիևը որդեգրել է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, իսկ ռազմական ճակատում, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, հաջողության չեն հասնում: Նա նշեց, որ Ղարաբաղն ավելի մոտ է անկախության միջազգային ճանաչմանը, ավելի մոտ՝ քան Կոսովոն ու Հարավային Սուդանը, բայց չի ճանաչվում, որովհետև մեծ խաղացողներն ունեն իրենց շահերը:

- Արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վրա կարո՞ղ են ազդել Կատալոնիայի անկախության հանրաքվեն և դրա շուրջ միջազգային հիմնարար սկզբունքների, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի վերաբերյալ տեղի ունեցող փոփոխությունները:

- Ոչ: Թվում է, որ կա միջազգային օրենք, միջազգային մեխանիզմ, որով ճանաչվում են նոր պետությունները, բայց այդպես չէ: 2008թ.-ին Սերբիան դիմեց ՄԱԿ Ընդհանուր ժողովին` խնդրելով, որ միջազգային դատարանը կարծիք հայտնի` արդյոք կարո՞ղ է Կոսովոյի ժողովուրդն առանց հանրաքվեի անցկացման միակողմանի հայտարարել, որ անկախ պետություն է իրեն հռչակում: Այդ ժամանակ ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովն ասաց, որ կարող է։ Ամեն ինչ արվեց, որ Կոսովոն չդիտարկվի որպես նախադեպ: Մինչև միջազգային դատարան դիմելը Կոսովոն ճանաչվել էր մի շարք պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ կողմից, և տարօրինակ կլիներ, որ միջազգային դատարանը եզրակացներ, որ Կոսովոյի ժողովուրդը անկախություն հռչակելու իրավունք չունի: Հետաքրքիրն այն է, որ երբ Սերբիան դիմեց ՄԱԿ Ընդհանուր ժողովին, Իսպանիան կողմ էր, որ միջազգային դատարանը եզրակացություն աներ Կոսովոյի վերաբերյալ:

Կոսովոյի մասին միջազգային դատարանի հիմնավորումը կարդալիս կարելի է համոզվել, որ Ղարաբաղն ավելի մոտ է կանգնած անկախության հռչակումը ընդունելու վերաբերյալ նրանց տված չափանիշներին: Ղարաբաղը ոչ միայն մոտ է անկախության ճանաչման նրանց տեսակետին, ավելին՝ անկախության հանրաքվե է անցկացրել, ունի պետական ինստիտուտներ: Համոզված եմ, որ անկախության ճանաչման միջազգային ընդհանուր մեխանիզմ չկա, կա քաղաքական կամք, կան մեծ խաղացողների շահեր:

Միջազգային դատարանի հիմնավորման մեջ ասվում է, որ Սերբիան մարդու իրավունքների զանգվածային խախտումներ է իրականացրել և Կոսովոն ունի անկախանալու իրավունք: Իսկ Ղարաբաղի խնդիրը Կոսովոյից շուտ է առաջացել, բայց միջազգային հանրության դիրքորոշումն այլ է: Լինի Քրդստանը, Կատալոնիան կամ մեկ այլ տարածաշրջան, որը ցանկանում է անկախանալ, ուզում է, որ անկախությունը ճանաչվի, ապա պետք է «հովանավոր» ունենա: Երկու շաբաթ առաջ Հայաստանում մեծ ոգևորություն կար, ասում էին, որ Կատալոնիայի անկախությունը կճանաչվի, դա ազդեցություն կունենա Ղարաբաղի վրա, բայց մենք պետք է ռեալ մոտենանք այս հարցին: Իհարկե, լավ կլիներ, որ նրանց անկախությունը ճանաչվեր, բայց դա, ինչպես անգլերենում են ասում՝ wishfull thinking հարթության մեջ է, այսինքն՝ ցանկալին ընդունում ես որպես իրականություն:

- Եթե Ղարաբաղն այդքան մոտ է անկախության ճանաչման միջազգային չափանիշներին, և անգամ ավելին է, քան այդ միջազգային չափանիշներով ճանաչված Հարավային Սուդանն ու Կոսովոն, ի՞նչն է այդ դեպքում խանգարում միջազգային հանրությանը ճանաչել Ղարաբաղի անկախությունը:

- Այո, Ղարաբաղն ավելի մոտ է անկախության ճանաչման սկզբունքներին և ավելին, որովհետև Ղարաբաղն արդեն կայացած պետություն է: Բայց Ղարաբաղը չի ճանաչվում, որովհետև կա մեծ խաղացողների շահերի կոնֆիգուրացիա: Երեք մեծ խաղացողների շահերը՝ ԱՄՆ, Եվրամիություն, Ռուսաստան, Ղարաբաղի պարագայում ինչ-որ չափով համընկնում են, նրանք չեն ուզում, որ պատերազմ լինի, ուզում են, որ տարածաշրջանը խաղաղ լինի, կայուն լինի, միաժամանակ չեն ուզում աջակցել հակամարտության կողմերից մեկին, որպեսզի մյուսը չդառնա «տուժած»: Իսկ պատճառն այն է, որ ունեն մի շարք շահեր:

- Երբ հարց են տալիս, թե ինչո՞ւ գերտերությունները չեն ճանաչում Ղարաբաղի անկախությունը, նրանք պատասխան հարց են տալիս՝ իսկ ինչո՞ւ չի ճանաչում Հայաստանը:

- Կա երկու պատճառ, թե ինչու Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Առաջինն այն է, որ դրանից հետո, չեմ կարծում, որ կսկսվի ճանաչման լայնածավալ փուլ և մի շարք պետություններ անմիջապես հետո կճանաչեն ԼՂ անկախությունը: Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանը դուրս կմնա բանակցային գործընթացից, իսկ դա կմեծացնի լայնածավալ պատերազմի հավանականությունը: Պատերազմը ոչ միայն գերտերությունների շահերից չի բխում, այլև՝ մեր:

Ո՞րն է մեզ համար ավելի կարևոր, որ Ղարաբաղը կայացած պետությո՞ւն է, թե՞ որ մյուս պետությունները ճանաչեն Ղարաբաղի անկախությունը: Կարծում եմ, որ, իհարկե, շատ լավ կլիներ, եթե Ղարաբաղի անկախությունը միջազգայնորեն ճանաչվեր, բայց ավելի կարևոր է, որ Ղարաբաղն ավելի հզորանա: Այդ պարագայում մնացածը կդառնա ժամանակի հարց և անգամ կգա մի պահ, երբ Ադրբեջանին դժվար կլինի չընդունել Ղարաբաղի անկախությունը: Կատալոնիան հազար կապերով կապված է Մադրիդի հետ: Իսպանիային միլիոնավոր դոլարներ բերող ֆուտբոլային ակումբը որտե՞ղ է խաղալու՝ իսպանական լիգայո՞ւմ, թե՞ առանձին միավոր կդառնա: Իսկ Ղարաբաղը Բաքվի հետ որևէ կապերով շղթայված չէ, 25 տարի է` անկախ է, առաջին հերթին` Ղարաբաղը անկախ է Ադրբեջանից:

- Ինչո՞ւ եք կարծում, որ կգա մի օր, երբ Ադրբեջանը կընդունի Ղարաբաղի անկախությունը. չէ՞ որ անկախության 25 տարիների ընթացքում Ադրբեջանն այդպես էլ չհամակերպվեց Ղարաբաղի կարգավիճակի հետ:

- Ադրբեջանը չի համակերպվում Ղարաբաղի անկախ կարգավիճակի հետ, որովհետև համոզված է, որ տնտեսությամբ հզոր է, ռազմական մեծ հնարավորություն ունի ու խաղաղ կարգավորմանն, իրենց տեսանկյունից, կա այլընտրանք՝ ռազմական ճանապարհը: Բայց իրենց միայն թվում է, որ ունեն ռազմական այլընտրանք, իրենց միայն թվում է, որ մեկ օրում կարող են գրավել Ղարաբաղը:

Նրանք 25 տարի է ապրում են այդ միֆով: Նրանց քարոզչությունը հիմնված է այն թեզի վրա, որ իրենք ճիշտ են, որ ունեն տնտեսական առավելություններ, որոնք հիմնված են նավթային ռեսուրսի վրա և մտածում են, որ կհասնեն իրենց նպատակին: Երբ կսպառվի Ադրբեջանի նավթային ռեսուրսը, գուցե Ադրբեջանը փոխի իր դիրքորոշումը, բայց քանի դեռ նավթային ռեսուրսները կան, Ադրբեջանը չի համակերպվում, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները չի ընդունում: Եռանախագահներն առաջարկում են կարգավիճակ` տարածքների դիմաց կարգավորման տարբերակը, բայց Ադրբեջանի համար դա անընդունելի է, նրանք ուզում են կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչինչ: Լուծումը պետք է լինի փաթեթային, եթե մենք պայմանավորվում ենք, ապա պայմանավորվում ենք ամեն ինչի մասին: Նման մոտեցումն էլ անընդունելի է Ղարաբաղի, Հայաստանի համար:

- Այդ դեպքում, անտեղի՞ են բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են բանակցային գործընթացը փակուղուց դուրս բերելու համար:

- Կարելի է պատկերացնել, որ Ալիևը միջազգային ճնշումների տակ համաձայնի փոխել իր դիրքորոշումը, բայց դրա համար հարկավոր է կողմերի վստահությունը միմյանց նկատմամբ, հակառակ դեպքում՝ փոխզիջումներ չեն կարող լինել: Բայց ես չեմ կարծում, որ Ալիևը պատրաստ է նման քայլերի դիմել, որովհետև իր երկրի ներսում ինքն այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ չի կարող արդարացնել դիրքորոշման փոփոխությունը:

Բանակցություններում կարևոր է, որ քեզ դնես մյուս կողմի տեղը, փորձես իրավիճակը հակառակորդի աչքերով նայել, ինչպես շախմատում, և երբ ես ինձ դնում եմ Ալիևի տեղը, տեսնում եմ, որ նրա համար հեշտ չի լինի փոփոխություններ անել: Սա տեսնում են նաև միջնորդները: Սա է պատճառը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կողմերի միջև վստահություն ամրագրելու քայլեր է անում: Բայց Ալիևն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ, ուզում են, որ Ղարաբաղը գտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ և քանի դեռ չփոխվի այս մտածելակերպը, առաջընթաց չի գրանցվի:

- Պարո՛ն Մարտիրոսյան, ստացվում է, որ մենք ավելի շատ հեռանում ենք մեծ խաղաղություն հաստատումից, քան մոտենո՞ւմ:

- Չէի ասի, թե մենք հեռանում ենք ԼՂ հակամարտության կարգավորումից, խաղաղության հաստատումից, որովհետև բանակցությունների այլընտրանք՝ պատերազմը, ինչպես տեսանք ապրիլյան իրադարձությունների ժամանակ, անհաջող էր նրանց համար: Թեև իրենք քարոզչության շրջանակներում ասում են, որ հաղթել են այդ պատերազմում, բայց իրականում հասկանում են, որ հաջողություն չունեցան, հասկանում են, որ եթե չդադարեցնեին այն, հայկական կողմը հակագրոհ էր նախաձեռնելու և գուցե պատերազմն ավարտվեր իրենց համար տարածքային կորուստներով: Կարծում եմ, որ Ադրբեջանը կսկսի պատերազմ, երբ ալիևյան կլանը իշխանությունը կորցնելու վտանգի առաջ կանգնի և պատերազմով իրենք կփորձեն շեղել ժողովրդի ուշադրությունը, որպեսզի մարդիկ համախմբվեն արտաքին թշնամու դեմ՝ մոռանալով իշխանության փոփոխության մասին: Բայց ադրբեջանական կողմի վրա պատերազմը նման ազդեցություն չի կարող ունենալ, իրենք խուճապի մեջ են հայտնվում, իսկ Հայաստանում հակառակն է, ապրիլյան պատերազմի ժամանակ, չնայած բոլոր տարաձայնություններին, մենք համախմբվեցինք:

- Ռուսական փորձագիտական շրջանակները հակամարտության կարգավորման նոր թեզ են առաջ քաշում՝ ելնելով այն տեսակետից, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ընդունելի չեն կողմերից առնվազն մեկի համար: Նրանք ասում են, որ եթե Ղարաբաղն ու Ադրբեջանը դառնան Եվրասիական տնտեսական միության մաս, ինչպես ժամանակին ԽՍՀՄ պարագայում էր, ապա մեկ ընտանիքում, մեկ միությունում տարածքային վեճեր այլևս չեն լինի: Ողջամտության հատիկ տեսնո՞ւմ եք:

- Համոզված եմ, որ Մոսկվայում կան մարդիկ, ովքեր ուզում են տեսնել «ԽՍՀՄ 2»-ը, վերականգնեն ռուսական կայսրությունը, բայց նույն գետը երկու անգամ չեն մտնում: Մենք եղել ենք ԽՍՀՄ-ում, գիտենք, թե դա ինչ էր, Ղարաբաղը կորցնում էր հայությանը, մենք տեսել ենք Նախիջևանի օրինակը, ու այս ամենից հետո նորից մտնել նույն հարաբերությունների մեջ, մտածել, որ այլ կերպ կլինի… Դա հնարավոր չէ: Բացի դրանից` չեմ կարծում, թե Ադրբեջանն ուզում է դառնալ ԵԱՏՄ անդամ։ Եթե նրանք ցանկանային, վաղուց կմտնեին ԵԱՏՄ:

Մանրամասները՝ տեսանյութում։

 
Նմանատիպ նորություններ
Նոր Զելանդիայում գտել են ավելի քան 60 մլն տարի առաջ ապրած հսկա պինգվինի մնացորդներ
13 Դեկտեմբերի 2017 - 09:25
Հնէաբանները նկարագրել են հսկա պինգվինների նոր կարգ եւ տեսակ՝ Kumimanu biceae, որոնք Նոր Զելանդիայում բնակվել են 60-65 մլն տարի առաջ: Թռչունների հասակը գրեթե մարդու հասակին էր հավասար, իսկ քաշը 100 կգ-ից անցնում էր, հայտնում է Nature Communications-ը:
Էրդողանին վիրավորելու մեղադրանք են ներկայացրել թուրք հայտնի երգչուհու դեմ
13 Դեկտեմբերի 2017 - 09:24
Թուրք հայտնի դերասանուհի եւ երգչուհի Զուհալ Օլջայը մեղադրվում է համերգի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։
Telegram-ի հիմնադիրը բիթքոիններով 35 մլն դոլար է վաստակել
13 Դեկտեմբերի 2017 - 09:22
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է Դուբայում ընկերության գրասենյակի բացման մասին, հաղորդում է Bloomberg-ը:
Ֆրանսիայի դպրոցները դեմ են սմարթֆոններին
13 Դեկտեմբերի 2017 - 09:11
Ֆրանսիայում դպրոցականներին կարգելեն բջջային հեռախոսներով կրթական հաստատություն գալ: Այս մասին հայտարարել է կրթության նախարար Ժան Միշել Բլանկենը, գրում է Independent- ը:
Ամերիկացիները գրավ են դնում իրենց տները բիթքոին ձեռք բերելու համար
12 Դեկտեմբերի 2017 - 23:09
Ամերիկացիները բիթքոին ձեռք բերելու համար գրավ են դնում իրենց տները, ինչի մասին CNBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Արժեթղթերի հյուսիսամերիկյան ադմինիստրատորների ասոցիացիայի ներկայացուցիչը:

Դյուսելդորֆից 80 տոննա հումանիտար օգնություն կուղարկվի Հայաստան և Տաջիկստան
12 Դեկտեմբերի 2017 - 22:51
Դեկտեմբերի 13-ին «Դիսլաքեն միջազգային խաղաղ համայնքը» գերմանական Դյուսելդորֆ քաղաքից 80 տոննա հումանիտար օգնություն կուղարկի Հայաստան և Տաջիկստան՝ նախատեսված ձմռան համար:

Ավստրիայում առաջին անգամ դատարանի առջեւ հայտնվել է նախկին նախարարը
12 Դեկտեմբերի 2017 - 22:01
Ավստրիայում երկրի պատմության մեջ առաջին անգամ դատարանի առջեւ նախկին նախարար է կանգնել, որն իր նախարարության գործունեության ընթացքում կոռուպցիայի մեջ է մեղադրվում: Երեքշաբթի՝ դեկտեմբերի 12-ին, սկսվել է դատավարություն, որի դերակատարներն են ֆինանսների նախկին նախարար Կարլ Հայնց Գրասերը եւ 14 այլ մեղադրյալներ, հաղորդում է DW-ն:
ԱՄԷ-ում կինը սոցցանցերում «անպարկեշտ» տեսանյութերի հրապարակման առիթով կալանավորվել է
12 Դեկտեմբերի 2017 - 21:59
ԱՄԷ-ում մի կին սոցցանցերում «անպարկեշտ» տեսանյութերի հրապարակման կապակցությամբ կալանավորվել է: GulfNews-ի հաղորդմամբ՝ Աբու Դաբիում կիբերհանցագործությունների հարցերով դատարանը հանձնարարել է կնոջը ձերբակալել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3290
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
Ֆրանսիայի դպրոցները դեմ են սմարթֆոններին
Միջազգային, Հասարակություն