Facebook   Twitter
 
Փոխադարձ վստահությունն ուժեղացնում է բոլորիս` և ՛ ինձ, և ՛ Սիսիանը, և՛ սիսիանցիներին…

Փոխադարձ վստահությունն ուժեղացնում է բոլորիս` և ՛ ինձ, և ՛ Սիսիանը, և՛ սիսիանցիներին…

03 Նոյեմբերի 2017 - 14:17
Հարցազրույց Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ
-Պարոն Սարգսյան, Սիսիանի համայնքի ղեկավարի` նախորդ ընտրություններից մեկ տարի անց կրկին ընտրապայքարի մեջ եք` այս անգամ` խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնի համար:

-Այո, մեկ տարի անց կրկին ընտրապայքար է: Որպես այդպիսին` ընտրապայքարի իմաստն ու բովանդակությունը չեն փոխվել, փոխվել են աշխարհագրական սահմանները: Խոշորանում է համայնքը, շատանում են խնդիրները, մեծանում է պատասխանատվությունը, փոխվում են պահանջները: Ես շատ լավ գիտակցում եմ այդ ամենը, բայց ունեմ բավարար ներուժ, կամք, էներգիա, հնարավորություն, ցանկություն` լինել նաեւ խոշորացված համայնքի ղեկավարը, եւ այն ջանքը, որ ներդրել եմ Սիսիանի համար, ներդնել նաեւ միավորված համայնքի համար:

–Հոգեբանական ի՞նչ տարբերություն կա առաջին անգամ ընտրապայքարի մեջ մտնելու եւ արդեն որպես գործող համայնքապետ` կրկին ընտրություններին մասնակցելու մեջ:

-Սովորաբար` առաջին անգամ ընտրապայքարի մեջ մտնելիս խնդիրդ լինում է խոստումներ տալն ու ընտրվելը: Բայց երբ առաջադրվում ես որպես գործող համայնքապետ` վերաբերմունքդ ամբողջությամբ փոխվում է, եւ խոստումներն այլեւս ընդունելի կռվան չեն գործող համայնքապետի պարագայում: Գործողը ներկայանալու միայն մեկ ձեւ ունի` կատարած գործերը: Սա է փաստը, հոգեբանական որեւէ այլ գործոն չկա: Գործող համայնքապետի պատասխանատվություն ավելի մեծ է, նրանից սպասելիքներն ավելի շատ են, նրա առջեւ ծառացած խնդիրները նույնպես համեմատելի չեն առաջին անգամ ըIMG_9605նտրապայքարի ելած թեկնածուի հետ: Բայց ընտրվելուց հետո, եղած խնդիրները տեսնելուց հետո իմ եռանդը կրկնապատկվել է: Եթե այդ խնդիրները չտեսնեի, չարձագանքեի, հետեւողական չլինեի դրանց լուծմանը, ես գուցե եւ լճանայի, բայց դրանք ինձ ստիպեցին, պարտադրեցին եւ ուղղորդեցին, որ ավելի նպատակասլաց կատարեմ իմ աշխատանքը:

–Սիսիանի համայնքի ղեկավար ընտրվելիս` Դուք շատ արագ մտաք համայնքապետի դերի մեջ, եւ աշխատանքի արդյունքները շատ արագ տեսանելի եղան: Ինչպե՞ս եք վարվելու միավորված համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելիս:

-Բնականաբար` շարունակելու եմ աշխատել նույն ոգով, նույն աշխատասիրությամբ ու եռանդով: Խնդիրն այսպես եմ դիտարկում` եթե հիմա ունենք 4 մանկապարտեզ, խոշորացումից հետո ունենալու ենք, ասենք, 14-ը: Ինչ սրտացավությամբ, նախանձախնդրությամբ, ջանադրությամբ աշխատել եմ 4-ի հետ, նույն կերպ աշխատելու եմ 14-ի հետ: Եթե ունեինք քաղաքի լուսավորության, սանմաքրման խնդիրներ, ունենալու ենք նույն խնդիրները գյուղերում, եւ աշխատելու եմ նույն տրամադրվածությամբ, սրտացավությամբ, եռանդով:

–Համայնքը խոշորանում է, նշանակում է` խնդիրները քառապատկվում են, պատասխանատվությունը` նույնպես:

-Իհարկե: Իմ ողջ գիտակցական կյանքում մի սկզբունք եմ որդեգրել` խնդիրը մեծ լինի, թե` փոքր, նույն պատասխանատվությամբ եմ ես դրան վերաբերում: Գործը մնում է գործ, այն անում ես 5 հազար բնակչի համար, թե` 36 հազար, միեւնույն է, պիտի արվի:

–Ուզում եք ասել` խտրություն չ՞եք դնելու Սիսիանի եւ գյուղերի միջեւ:

-Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնում իմ մեկ տարվա աշխատանքը արդեն Ձեզ համոզած պիտի լինի, որ իմ աշխատանքի մեջ տարանջատում չկա, եւ ինձ համար կարեւորը գործն է: Որտեղ առաջնահերթություն կա, այնտեղ ենք ուշադրությունը, ջանքը, միջոցներն ու հնարավորություններն ուղղորդելու: Իսկ եթե ընտրության խնդիր լինի` մի գյուղում ջրագիծ անցկացնելու, մյուսում, ասենք, խաղահրապարակ կառուցելու, առաջնահերթությունը, կարծում եմ, կտրվի խմելու ջրին, հետո` խաղահրապարակին եւ լուսավորությանը, թեեւ դրանք նույնպես կարեւոր են, եւ ամեն գյուղի համար իր խնդիրն է առաջնային: Դա իմ սկզբունքն է: Որեւէ տարբերություն չի լինելու Սիսիանի եւ մյուս բնակավայրերի միջեւ: Բոլորն էլ մերն են:

-Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնում Ձեր մեկամյա գործունեությունը, փորձառությունը, շփումները, կապերը, հնարավորությունները ինչքանո՞վ կնպաստեն խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում աշխատելուն:

-Իհարկե, կնպաստեն: Պաշտոնավարման ընդամենը 8 ամսվա ընթացքում կարողացել եմ թե հանրապետական, թե մարզային, թե տարածաշրջանի համայնքային իշխանությունների, Սիսիանով մտահոգ սիսիանցիների հետ ստեղծել վստահության, հարգանքի, փոխգործակցության մթնոլորտ, եւ դա, իմ կարծիքով, բոլորն են տեսնում եւ զգում: Անշուշտ, դա ընդլայնվելու է: Պարզապես ժամանակն էր կարճ` ավելին անելու եւ բոլորին համախմբելու:

-Դրսից մի քիչ այլ է պատկերանում համայնքի ղեկավարի պաշտոնը, իսկ երբ արդեն ներսու՞մ ես եւ` պատասխանատվություն կրո՞ղ…

-Շատ ճիշտ դիտարկում է: Դրսից հեշտ է թվում, բայց երբ ներսում ես, տեսնում ես բոլոր խնդիրները, պատասխանատվությունն ավելի է մեծանում: Անկեղծորեն ասեմ` չեմ պատկերացրել, որ այդքան շատ խնդիրներ կան, բայց դրանք ինձ չեն վախեցնում: Ինձ համար ամենակարեւորը եւ գլխավորը եղել է տեղական իշխանությունների հանդեպ հավատը, վստահությունը վերականգնելը: Կարծում եմ` մեկ տարվա ընթացքում, չեմ կարող ասել` ամբողջությամբ, բայց այն վերականգնել եմ: Մնացածը ժամանակի ընթացքում լուծելի խնդիրներ են:

–Ո՞րն եք համարում ամենամեծ ձեռքբերումը եւ ամենամեծ բացթողումը Սիսիանի համայնքի ղեկավար աշխատելիս եւ Ձեզ, եւ Սիսիանի համար:

-Ես չեմ ուզում դրանք տարանջատել իրարից, քանի որ մեկը պայմանավորում եմ մյուսով: Ձեռքբերումն էլ երկու տեսանկյունից եմ դիտում` հոգեւոր եւ առարկայական: Հոգեւոր առումով ամենակարեւոր ձռքբերումը Սիսիանի բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելը եւ համախմբելն է, որի արդյունքում այսօր ունենք ԱԺ` սիսիանցի պատգամավոր: Նյութական առումով` Սիսիանի նոր մարզադաշտի վերակառուցումը: Այն, իսկապես, լուրջ ներդրում է Սիսիանում սպորտը զարգացնելու համար: Մարզադաշտը կունենա նաեւ վազքուղի, հեծանվաուղի, ինչը կարեւոր է եւ այսօրվա եւ վաղվա սերնդի համար: Նույն վերաբերմունքն ունեմ նաեւ բացթողումների պարագայում:

-Ժամանակն անցողիկ է, պաշտոնը` ժամանակավոր, մնայուն է կատարված գործը: Եվ հաճախ արված կամ չարված գործեր հիշատակելիս այն կապվում է կառուցողի անվան հետ, ու դրանով է նա մնում պատմության մեջ:

-Իմ առջեւ խնդիր եմ դրել` այնպես աշխատել, այնպիսի գործեր անել, որ կարողանամ վաստակել իմ ղեկավարած համայնքի բնակչի գոհունակությունը, սերը, հարգանքը, օրհնանքը, որ եթե նա փողոցում հանդիպի իմ ծնողին, շնորհակալություն հայտնի այդպիսի զավակ դաստիարակելու համար: Վաղը ես կլինեմ համայնքի ղեկավար, չեմ լինի, բայց Սիսիանի մարզադաշտը կլինի:

-Մեծ գործեր անելու համար, ինչ խոսք, կարեւոր է բյուջեում գումար ունենալը, բայց շատ հաճախ անգործությունը, ծուլությունը, անբանությունը, պատասխանատվության բացակայությունը «արդարացրել» են «բյուջեում գումար չկա» հերթապահ խոսքով:

-Սիսիանի համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելուց առաջ եւ հիմա էլ այն կարծիքին եմ, որ եթե համայնքի ղեկավարը ունի որեւէ լավ գործ անելու ցանկություն, նպատակ, մտադրություն, կանի: Այն ամենը, ինչ արել եմ, նույն բյուջեով է, ինչ` 2016 թվականին է եղել: Համեմատեք 2016 թ.-ի եւ 2017 թ.-ի կատարած աշխատանքները, միջոցառումները: Բյուջեից ավել գումարներ չեն ծախսվել, ուղղակի ցանկությունը մեծ է եղել, կարողացել ենք անել: Ցանկացած գործ, եթե չես ուզում անել, կարող ես շատ պատճառներ բերել: Արդեն 3 մանկապարտեզի ջեռուցման խնդիր ենք լուծել, 2 խմբասենյակ նորոգել, 4 բազմաբնակարան շենքի տանիք փոխել, եթե ամեն տարի մի 4-5 խնդիր լուծվեր, հիմա ավելի քիչ խնդիրներ կունենայինք լուծելի, կամ` կմտածեինք գլոբալ այլ խնդրներ լուծելու մասին:

-2000 թվականից հետո շատերն են փորձել համախմբել սիսիանյան հասարակական, քաղաքական, հանրային ներուժը, սակայն, իրականում, ավելի են խորացրել ճգնաժամը եւ մեծացրել պառակտումը: Ձեզ, կարծես, հաջողվում է համախմբումը:

-Շնորհակալ եմ, որ բարձրաձայնում եք այդ մասին, որովհետեւ, իսկապես, համախմբումը` հանուն բոլորիս Սիսիանի, իմ նպատակներից մեկն է: Ցանկացած սիսիանցի կուզենա, որ իր քաղաքը ավելի լավը լինի: Որպես համայնքի ղեկավար` ամենից շատ, իհարկե, ես եմ դա ուզում: Եւ եթե համայնքի բնակիչը տեսնում է, որ համայնքի ղեկավարն ամեն ջանք գործադրում է եւ ամեն ինչ անում է ի շահ Սիսիանի եւ սիսիանցիների, ինքն էլ է միանում դրան: Իրականում իմ նպատակը Սիսիանին եւ սիսիանցիներին ծառայելն է:

–Այս անգամ Դուք ընտրել եք «Մենք կարող ենք…» կարգախոսը: Բացեք, խնդրում եմ, «Մենք» դերանվան փակագծերը…

-Մենք ասելով նկատի ունեմ մեր թիմը եւ մեր ժողովրդին: Այս ութ ամսվա մեջ մեր կատարած աշխատանքով, կազմակերպված միջոցառումներով, կարծում եմ, կարողացանք ապացուցել, որ սիսիանցին, տեսնելով լավը, համագործակցել է, ինչի համար բոլորից շնորհակալ եմ: «Մենք կարող ենք», նշանակում է մեր թիմը, մեր ժողովուրդը, Սիսիանի առաջընթացով մտահոգ, Սիսիանը սիրող եւ նրան նվիրված մարդիկ, համատեղելով ուժերը, կարող ենք Սիսիանն առաջ տանել: Ես միայնակ ոչինչ չեմ կարող, մենք միասին ամեն ինչ կարող ենք: Ընտրվելուց հետո իմ թիմին ասել եմ` այն օրը, երբ ասեմ` ես, այդ օրվանից ես իրավունք չունեմ այստեղ աշխատել:

-Ի՞նչ եք մաղթում խոշորացված համայնքի ընտրողին եւ ի՞նչ կցանկանաք ավելացնել:

-Նախ` շնորհակալ եմ այն բոլոր սիսիանցիներին, ովքեր հավատացին ինձ եւ պահպանեցին իրենց հավատը, շնորհակալ եմ բոլորին, ովքեր տեսան, նկատեցին, գնահատեցին իմ պաշտոնավարման այս կարճ ժամանակում կատարած գործերը, փոփոխությունները, եւ կարողացան նաեւ ուրախանալ այդ ձեռքբերումներով: Իրականում` դա ինձ ավելի պարտավորեցրեց, ավելի պատասխանատու դարձա, ավելի եռանդուն ու սրտացավ: Փոխադարձ վստահությունն ավելի է ուժեղացնում բոլորիս` եւ՛ ինձ, եւ՛ Սիսիանը, եւ՛ սիսիանցիներին… Համոզված եմ, որ այս ընտրություններից հետո էլ նույն ոգով շարունակելու ենք: Բարին ընդ բոլորիս:

Հոդվածը տրամադրել է Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու Արթուր Սարգսյանի նախընտրական շտաբը:
 
Նմանատիպ նորություններ
«Սա պետք է լինի Հայաստանի ապագայի անկյունաքարը». Նիկոլ Փաշինյան
21 Մայիսի 2018 - 10:46
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի լույս 21-ի կեսգիշերին ուղիղ տեսակապով ելույթ է ունեցել Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը:
Արցախում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննություն է տարվում
21 Մայիսի 2018 - 10:41
ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանի մահվան հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
27-ամյա քաղաքացին անհավասարակշիռ վիճակում մոտեցել է Կիեւյան կամրջին. Փրկարարը նկատել է
21 Մայիսի 2018 - 10:33
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 20-ին, ժամը 17:56-ին ՃԿԱԿ հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Ա. Վ.-ի կողմից տեղեկություն է ստացվել, որ ժամը 17:55-ին, Կիեւյան կամրջին հերթապահություն իրականացնելիս, նկատել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող քաղաքացու (27-ամյա Տ. Պ.):
Արշակունյաց պողոտայում Infiniti-ն արմատախիլ է արել ծառը եւ բախվել սյանը. կան վիրավորներ
21 Մայիսի 2018 - 10:29
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 20-ին, ժամը 22:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մի քանի կարևոր բան կուտակայինի մասին մինչև այդ մասին պաշտոնապես հայտարարություն անելը. Մանե Թանդիլյան
21 Մայիսի 2018 - 10:16
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
21 Մայիսի 2018 - 10:10
Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի կայքը:
14-ամյա քաղաքացին Դավթաշենի կամրջի մոտ փորձել է ինքնասպան լինել
21 Մայիսի 2018 - 10:05
Մայիսի 20-ին՝ ժամը 18:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ ճաղավանդակին նստած քաղաքացի է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բելառուսում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը
21 Մայիսի 2018 - 09:49
Բելառուսի Գորոդոկ քաղաքում տեղի է ունեցել Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրի-հուշարձանի բացումը: Այս մասին հայտնել է Rusarminfo.ru-ն:
Յուրաքանչյուր րոպե աշխարհում 10 մլն պոլիէթիլենային փաթեթ է օգտագործվում․ ՄԱԿ
21 Մայիսի 2018 - 09:41
Երկրի բնակչությունը տարեկան մինչև 5 տրիլիոն պլաստիկե փաթեթ է օգտագործում։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը։ ՄԱԿ-ում ընդգծել են, որ յուրաքանչյուր րոպե մարդիկ 10 մլն այդպիսի փաթեթներ են օգտագործում։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 11432
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շուշան Պետրոսյանն ամուսնալուծվել է
Մշակույթ, Հասարակություն