Facebook   Twitter
 
Սիսիանի օդանավակայան. Հայաստանի գործող աերոդրոմներից մեկը

Սիսիանի օդանավակայան. Հայաստանի գործող աերոդրոմներից մեկը

01 Փետրվարի 2018 - 21:12
«Հետքը» շարունակում է անդրադառնալ Հայաստանի օդանավակայաններին: Մեր այս հոդվածաշարի նպատակն ընթերցողներին տեղական (ներքին) օդային գծերի եւ օդանավակայանների պատմությանն ու ներկա վիճակին ծանոթացնելն է:
Մյուս կողմից, ինչը, թերեւս, շատ ավելի կարեւոր է, անհրաժեշտ է հասկանալ, թե, մասնավորապես, փոքր ավիացիայի զարգացման համար նախկինից մնացած ինչ ենթակառուցվածքներ ունի մեր երկիրը: Պարզ է, որ ավելի հեշտ է վերականգնել եղածը, քան կառուցել նորը: Բացի դրանից՝ հատկապես Կապանի օդանավակայանի առաջիկա վերագործարկումը կարող է դրական լիցք դառնալ՝ մարզերում առկա մյուս աերոդրոմները կամ գոնե դրանց մի մասը նույնպես վերակենդանացնելու համար:

Ներքին ու փոքր ավիացիան Հայաստանի պես լեռնային ռելիեֆ ունեցող երկրում ոչ միայն ավտոմոբիլային տրանսպորտի այլընտրանք կարող է լինել, այլեւ հաստատապես կնպաստի թե՛ տուրիզմի զարգացմանը, թե՛ կմասնակցի գյուղատնտեսական աշխատանքներին ու արտակարգ իրավիճակների ժամանակ հատուկ գործողություններին:

Օդանավակայանի ներկան
Հերթական պատմությունը Սիսիանի օդանավակայանի մասին է, որը Հայաստանի այն աերոդրոմներից է, որոնք նախկինում ծառայում էին քաղաքացիական ավիացիային, սակայն հետագայում դարձան ռազմական կառույց:

Անցյալ տարվա հոկտեմբերին Կարեն Կարապետյանի կառավարությունը ներկայացրել էր իր գործունեության անցած մեկ տարվա հաշվետվությունը, որտեղ քաղավիացիայի ոլորտի մասին, մասնավորապես, նշվել էր. «ՀՀ-ում փոքր ավիացիայի ոլորտի զարգացման պոտենցիալը գնահատելու նպատակով 2017-ին ՔԱԳՎ-ն ՀՀ մի շարք գերատեսչությունների հետ համատեղ ուսումնասիրել է տարբեր ուղղություններով տրանսպորտային հոսքերը, ինչպես նաեւ գլխավոր վարչության կողմից ուսումնասիրվել են Ստեփանավան, Ջերմուկ, Սիսիան, Գորիս, Կապան եւ Մեղրի (Ագարակ) քաղաքների օդանավակայանների վերագործարկման հնարավորությունները եւ գնահատումները»: Այստեղ հետաքրքիրն այն է, որ Սիսիանի, Գորիսի եւ Մեղրու օդանավակայանները հանձնված են ՊՆ-ին:

2001 թ. մայիսի 26-ին Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը որոշել է ««Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական ՓԲԸ-ից առանձնացնել Սիսիանի օդանավակայանի գույքն ու դրա ներդրմամբ ստեղծել ««Սիսիան» օդանավակայան» ՓԲԸ-ն՝ 300 մլն դրամ կանոնադրական կապիտալով, ապա բաժնետոմսերի տնօրինումը հանձնել ՊՆ-ին: Սակայն ամիսներ անց՝ նոյեմբերի 28-ին, կառավարությունը որոշեց Սիսիանի օդանավակայանն իր ամբողջ տարածքով ու գույքով հանձնել ՊՆ-ին՝ առանց նոր ՓԲԸ հիմնելու: Առ այսօր օդանավակայանը գտնվում է ՊՆ հաշվեկշռում:

Արդյոք այս օդանավակայանը կրկին կծառայի քաղավիացիային. ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ ՊՆ-ին հարցրել էինք, թե ինչ վիճակում է օդանավակայանը՝ թռիչքուղին, շենքը, ռադիոտեխնիկական սարքավորումները. դրանք պահպանվե՞լ են, թե՞ ապամոնտաժվել կամ թալանվել: Նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը հայտնել է, որ շենք-շինությունները, թռիչքուղին բարվոք վիճակում են, ռադիոտեխնիկական միջոցները սարքին են եւ աշխատունակ: Հարցին էլ, թե վերջին անգամ երբ են այստեղ թռիչքներ կատարվել, պատասխանել է, որ օդանավակայանը շահագործվում է հաճախակի, այն սպասարկում է ավիացիոն տեխնիկաների վերաթռիչքները (перелёт), անհրաժեշտության դեպքում կատարում է ավիացիոն տեխնիկայի վերալիցքավորում:

Հայաստանի քաղավիացիայի նախկին ղեկավար (1971-1987 թթ.) Դմիտրի Աթբաշյանը, ում օրոք կառուցվել է այս օդանավակայանը, նշում է, որ տեղական մյուս աերոդրոմների համեմատ այս մեկը լավ է պահպանվել շնորհիվ նրա, որ փոխանցվել է ՊՆ-ին:

Չնայած օդանավակայանը հայտնի է Սիսիանի անունով, մինչեւ անցյալ տարի այն գտնվում էր քաղաքի հարեւան Ույծ գյուղի վարչական սահմաններում: Ինչպես հայտնի է, 2017-ին մի շարք համայնքների պես Սիսիանն էլ խոշորացվեց՝ «կլանելով» 29 այլ համայնք, այդ թվում՝ Ույծը: Օդանավակայանի հողը պետական սեփականություն է՝ 48,85 հա:

Սիսիանի աերոդրոմի անցյալն ու դերը
Վերը նշվածը, սակայն, Սիսիանի, այսպես ասած, նոր օդանավակայանն է, որովհետեւ մինչ այդ էլ քաղաքն ու համանուն շրջանն ուներ այդպիսի կառույց, բայց ոչ այս նույն վայրում: Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի տեղեկացմամբ՝ հին օդանավակայանը գտնվել է քաղաքի մեջ, որտեղ այժմ բնակելի տներ են:

«ՊՌ-5» օդանավը՝ Սիսիանում (1940 թ.) «Ան-2» օդանավը՝ Սիսիանում (1967 թ.)
Լուսանկարները՝ գրականագետ Հովիկ Չարխչյանի արխիվից
Նախկին աերոդրոմը (վերեւի լուսանկարներում), Սարգսյանի ասելով, կառուցվել է 1940-ականներին եւ գործել մինչեւ 1986 թ., երբ շահագործման է հանձնվել նոր օդանավակայանը: Ասվածը հաստատում է Հայկական ավիացիայի պատմության թանգարանի կայքը, որի համաձայն՝ նորը կառուցվել է 1985-ին: 1984-ին հրատարակված Հայկական սովետական հանրագիտարանն էլ նշում է, որ Սիսիանի շրջանում նոր օդանավակայան է կառուցվում:

Այդուհանդերձ, Դ. Աթբաշյանը պնդում է, որ նոր օդանավակայանը (լուսանկարում՝ դրա ուղեւորային համալիրի կառուցումը) շահագործման է հանձնվել 1978-ին: Ըստ նրա՝ դրա նախագիծը թե՛ Հայաստանում, թե՛ ԽՍՀՄ պետպլանում (մինիստրների խորհրդի պետական պլանային կոմիտե) բազմաթիվ հակառակորդներ ուներ: Հայաստանում, ավիատորի պատմելով, դրանցից մեկը 1974-ին կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար դարձած Կարեն Դեմիրճյանն էր: Հիշում է, որ օդանավակայանը շինարարության տիտղոսային ցուցակ ներառելու համար հարկ էր սպասել պետպլանում դրա գլխավոր «չուզող» Կ.-ի արձակուրդ գնալուն, որը տարբեր առիթներով քննադատում էր նախագիծը՝ մասնավորապես, նշելով, թե բավական է Հայաստանում այդքան նոր օդանավակայաններ կառուցեք: Մյուս կողմից՝ օդանավակայանի կառուցմամբ մեծապես ոգեւորված էր Սիսիանի շրջանի կուսակցական ղեկավարներից Շչորս Դավթյանը (1979-1988 թթ. եղել է շրջկոմի առաջին քարտուղար), որը, Աթբաշյանի պատմելով, մեծ ներդրում է ունեցել կառույցի նախագծման, շինարարության եւ շահագործման աշխատանքներում:

Քաղավիացիայի նախկին ղեկավարը նշում է, որ «Էրեբունուց» դեպի տեղական օդանավակայաններ, այդ թվում՝ Սիսիան ու Գորիս, օրական կատարվում էր 6-8 չվերթ: Եթե նախկինում ներքին ուղեւորափոխադրումները կատարվում էին հիմնականում «Ան-2» ինքնաթիռներով, 1970-ականների սկզբից հայկական ավիացիայում դրանց տեղը զբաղեցրին «Յակ-40»-ները: Համայնքապետ Ա. Սարգսյանի ասելով՝ այս օդանավակայանը քաղաքին ու շրջանի բնակավայրերին սպասարկել է մինչեւ երկրի անկախացումը՝ 1991 թ.:

Դ. Աթբաշյանն ասում է, որ իրարից 28 կմ հեռավորության վրա գտնվող Սիսիանի եւ Գորիսի օդանավակայանները փոխլրացնում էին իրար՝ մեկը մյուսի համար ծառայում էր որպես պահեստային աերոդրոմ, քանի որ, ըստ դիտարկումների, եղանակային պայմանների պատճառով երբեք միաժամանակ փակ չեն լինում: Սա նաեւ կարեւոր էր՝ հաշվի առնելով տուրիստների մեծ հոսքը դեպի երկու շրջանների տեսարժան վայրեր: Այդուհանդերձ, ըստ ավիատորի, ի տարբերություն Գորիսի աերոդրոմի, Սիսիանը գրեթե ամբողջ տարին բաց է: Մյուս կողմից, ինչպես նշում է Աթբաշյանը, Սիսիանի աերոդրոմն ունի երկկողմանի մոտեցման հնարավորություն: Այսինքն՝ վայրէջք կարելի է կատարել թե՛ Երեւանի, թե՛ Գորիսի կողմից: Այս հանգամանքներն էական դեր խաղացին Ղարաբաղյան պատերազմի տարիներին, երբ օդանավակայանը կապող օղակ էր Երեւանի ու Արցախի միջեւ:

Մասնավորապես՝ 1992-ի մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման օրը, Ստեփանակերտից Երեւան թռչող «Յակ-40» օդանավը երկնքում հարձակման ենթարկվեց ադրբեջանական գրոհային ինքնաթիռի կողմից, բայց անձնակազմը կարողացավ խափանված շասսիով վայրէջք կատարել Սիսիանի օդանավակայանում: Էվակուացիայից հետո ինքնաթիռն ամբողջությամբ վառվեց, զոհեր չեղան, սակայն երկու օդաչուները կոշտ վայրէջքի արդյունքում վիրավորվեցին:

«Այսօր արդեն բոլորն ընդունում են, որ առանց քաղավիացիայի հայկական վարչության ինքնաթիռների, ուղղաթիռների, Ստեփանակերտի, Գորիսի ու Սիսիանի աերոդրոմների Ղարաբաղյան պատերազմը տանուլ կտայինք: Այս փաստը վառ կերպով խոսում է այն մասին, թե ցանկացած սուվերեն պետության որքան անհրաժեշտ է սեփական քաղաքացիական ավիացիան, զարգացած նյութատեխնիկական բազան եւ առաջին հերթին՝ ավիատորների ազգային կադրերը»,- շեշտում է Դմիտրի Աթբաշյանը:

Հ.Գ. Սիսիանի օդանավակայանի թռիչքուղու երկարությունը, ավիատորի ներկայացրած տվյալներով, 1630 մ է, լայնությունը՝ 28 մ, ծովի մակարդակից բարձրությունը՝ 1855 մ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է
17 Նոյեմբերի 2018 - 15:40
Նոյեմբերի 17-ին, ժամը 10:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դաշտավան գյուղի 2-րդ փողոցի սկզբնամասում այրվում է կոշիկի արտադրամաս:
Երեւանի քաղաքապետարանը լայնածավալ ստուգումներ կիրականացնի կենդանաբանական այգում
17 Նոյեմբերի 2018 - 15:38
Հաշվի առնելով Երեւանի կենդանաբական այգու շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները,
Նոյեմբերի 18-ին ժամանակավորապես փակ կլինի Սարալանջի փողոցը
17 Նոյեմբերի 2018 - 15:36
Մաքրման աշխատանքներով պայմանավորված նոյեմբերի 18-ին ժ. 12:00-15:00-ն ընկած ժամանակահատվածը փակ կլինի Երեւան քաղաքի Սարալանջի փողոցը` Արմենակյան փողոցից մինչեւ Լիսինյան-Գլինկա փողոցների խաչմերուկը:
«Մելնիցա» ռեստորանի մոտ բեռնատարը բախվել է Volkswagen-ին, ապա «Նիվա»-ին, վերջինն է՝ Mercedes-ին. կան վիրավորներ
17 Նոյեմբերի 2018 - 15:19
Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11։10-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոցում՝ «Մելնիցա» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Volkswagen մակնիշի 35 VV 808 համարանիշի, բեռնատար Ford մակնիշի 35 AV 815 համարանիշի, ВАЗ 2121 մակնիշի 15 ՍՍ 110 համարանիշի եւ Mercedes մակնիշի 20 ՏՕ 862 համարանիշի ավտոմեքենաները։
Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
17 Նոյեմբերի 2018 - 15:16
Հանրապետությունում նոյեմբերի 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սոցցանցերում մեկնաբանությունները պոռնոֆիլմերից չեն տարբերվում․ Սամվել Նիկոյան
17 Նոյեմբերի 2018 - 15:05
Նորագույն պատմության մեջ մեր պառլամենտում ամենամեծ խայտառակությունն էր, երբ քաղաքական ուժերը մերժեցին կաթողիկոսին տրամադրել պաշտպանություն։
Դատապարտյալի անդրավարտիքում սպիտակ պարկ են գտել, որում 6 փաթեթ չոր զանգված է եղել
17 Նոյեմբերի 2018 - 15:01
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն անձնական զննության են ենթարկել Կապան քաղաքի ոստիկանության բաժնի ձերբակալվածներին պահելու վայրից հիմնարկ տեղափոխված դատապարտյալ Վ. Մ.-ին:
Երեւանում Mercedes-ը վրաերթի է ենթարկել բենզալցակայանի լիցքավորողին ու Nissan-ի վարորդին, ապա կոտրել լիցքավորման սարքը
17 Նոյեմբերի 2018 - 14:54
Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 12։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 RA 956 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Գուրգեն Մահարի փողոցում՝ Էրեբունի թանգարանի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ 2 քաղաքացու, այնուհետեւ առաջ ընթանալով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Մեղադրանքները պետք է ներկայացնել իրավապահ մարմիններին. Կենդանաբանական այգու մամուլի խոսնակը
17 Նոյեմբերի 2018 - 14:50
Այդ մեղադրանքներն իրենք պետք է ներկայացնեն իրավապահ մարմիններին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14067
 
Լրահոս`
 
 
 
 
Սիրուշոյի երկրպագուների անակնկալը (Տեսանյութ)
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր