Facebook   Twitter
 
«Դաշտեր կան, որ դուրս են մնացել». Վարչապետը ծանոթացել է ՏԿԶ նախարարության 2017 թ. գործունեությանը

«Դաշտեր կան, որ դուրս են մնացել». Վարչապետը ծանոթացել է ՏԿԶ նախարարության 2017 թ. գործունեությանը

03 Փետրվարի 2018 - 17:42
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման եւ միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաեւ 2018 թ. անելիքներին:
«Չափազանց կարեւոր է, որ մենք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձեւակերպել համայնքային եւ մարզային կառավարման ճարտարապետությունը, որ մեր բոլոր գործընկերները՝ համայնքի ղեկավարի, մարզպետի թիմերը հստակ իմանան չափորոշիչները, մաքսիմալ ընդգրկված լինեն զարգացման ծրագրերում, յուրաքանչյուր տարածք՝ մարզ, համայնք, կարողանանք բնութագրել թվային ցուցանիշներով, ամենայն մանրամասնությամբ՝ վթարային շենք, ֆիզկուլտուրայով զբաղվելու հնարավորություն, դպրոցների իրավիճակ, շինարարություն, այսինքն՝ չկա որեւէ ինֆորմացիա, որը մենք կենտրոնացված այստեղ չպետք է ունենանք, ցուցանիշները, որով պետք է հաշվետվություն տան համայնքների ղեկավարները հասարակության առջեւ, մարզպետը, մարզպետի թիմերն իրենց ճյուղային պատկանելությունից ելնելով ինչպես են իրագործում այն քաղաքականությունը, որը ճյուղային նախարարություններն են իրագործում, լինի դա գյուղ, մշակույթ, բինես, կադաստր եւ այլն», – բացման խոսքում նշել է վարչապետը:

Նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ 2017 թվականը տարածքային եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում հիմնարար փոփոխությունների եւ համակարգային սխեմաների ներդրման տարի է եղել: Նա նշել է, որ ՏԿԶՆ-ն չունի կառավարության ծրագրից բխող որեւէ գերակա խնդիր կամ միջոցառում, որն սկսված չէ, ընթացքի մեջ չէ կամ ավարտված չէ: Նախարարի խոսքով՝ քննարկումները ցույց են տվել, որ լրջագույն խնդիրը տեղական ինքնակառավարման մարմիններում է, որոնք չեն ունեցել համակարգային կանոնակարգված սկզբունքներ այն հիմնական հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում են համայնքային տնտեսության զարգացմանը, եկամուտների ավելացմանը եւ այլն: Այդ նպատակով նախարարությունը 2017 թ. ստեղծել է 10 մեթոդական աջակցության բազմաբնույթ ձեռնարկ, որոնք փոխանցվել են համայնքներին: Մեթոդական ձեռնարկների կիրառմամբ խոշորացված 34 համայնքում տարեվերջին 1 մլրդ 125 մլն դրամի փոփոխություն է եղել՝ վարչական բյուջեից տեղափոխվել է համայնքի ֆոնդային բյուջե:

Դավիթ Լոքյանը նշել է, որ 2017 թ. ՀՀ համայնքների սեփական եկամուտները կազմել են 38,545.1 մլն դրամ (կատարողականը` 100.1 տոկոս): 2016 թ. համեմատ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 11.9 տոկոսով կամ 4,098.8 մլն դրամով, սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով աճել են 9.2 տոկոսով կամ 2,544.6 մլն դրամով: Քայլեր են ձեռնարկվում բազաների ճշգրտման եւ միասնական բազայի ստեղծման ուղղությամբ: Վարչապետը կարեւորել է համայնքներում առկա ողջ գույքի գրանցումը եւ առավելագույնս ճշգրիտ գույքահարկի հաշվառումը՝ հանձնարարելով տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը ներկայացնել համապատասխան առաջարկություն: Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչներին՝ նշելով. «14 ցուցանիշներով գնահատում ենք մարզային մեր թիմերի աշխատանքները: Համեմատության մեջ ենք անելու. մենք հիմա մտածելու ենք՝ 14-ը մեծացնե՞նք, թե՞ չմեծացնենք, դաշտեր կան, որ դուրս են մնացել, որ անպայման մարզպետը եւ մեր թիմը տեղերում պետք է իմանա՞, թե՞ ոչ:

2018 թվականը պետք է վերջնական տարին լինի, որ հստակ ձեւակերպվի, անընդհատ խաղի կանոն չփոխենք: Մենք ամբողջ դաշտը պետք է գծենք, վերջացնենք ու հասկանանք՝ եռամսյակը մեկ ինչ ենք ուզում, տարին մեկ ինչ ենք ուզում: Եթե մենք տարեցտարի հետեւենք, գալու ենք մի վիճակի, որ լուծելու ենք ընթացիկ խնդիրները»:

Նախարար Դ. Լոքյանն անդրադառնալով աղբահանության խնդրին՝ նշել է, որ 2017 թ. տարեսկզբի համեմատ աղբահանություն իրականացնող համայնքների թիվն աճել է 56 տոկոսով: Աղբահանության վարձավճարների հավաքագրման 19 տոկոս աճ է արձանագրվել: 2017 թ. տարեվերջի դրությամբ ՀՀ մարզերում իրավաբանական անձանց հետ կնքվել է 17649 աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագիր՝ 82-85 տոկոս, մինչեւ 2018 թ. մայիս նախատեսվում է հասնել 100 տոկոսի: Վարչապետը, ողջունելով կատարված աշխատանքը, հանձնարարել է հետեւողական լինել եւ շարունակել քայլերը դաշտը կանոնակարգելու ուղղությամբ:

Մարզային ներդրումային ծրագրերի հետ կապված նախարար Լոքյանը զեկուցել է, որ հավանության է արժանացել մարզային 58 ծրագիր, ֆինանսավորվել է 20 ներդրումային ծրագիր՝ 638,355 մլն ՀՀ դրամ վարկային միջոցներով՝ 8-12 տոկոս տոկոսադրույքով: 3 ծրագրի համար նախատեսվում է վարկի առաջին 2 տարվա համար սուբսիդավորում` 3 տոկոսի չափով: Կարեւորելով ՀՀ մարզերից ներկայացվող բիզնես ծրագրերի որակական փոփոխությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է ներկայացնել բիզնես ծրագրերի մշակման մարզային հարթակներ ձեւավորելու վերաբերյալ առաջարկություն:

Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել նաեւ գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, շինարարության, մշակույթի եւ մյուս ոլորտներում նախարարության կողմից իրականացվող աշխատանքներից, որոնք նպաստում են մարզերում եւ համայնքներում այս ուղղություններով դրական տեղաշարժին եւ կառավարության կողմից դրված խնդիրների լուծմանը: Կարեն Կարապետյանը հորդորել է նախարարության աշխատակազմին՝ էլ ավելի մեծ թափով շարունակել ծրագրերի իրականացումը:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԱԻՆ կադրային քաղաքականությունը կփոխվի
24 Մայիսի 2018 - 11:13
Մայիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելել էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա (ՃԿՊԱ): Կրթօջախի գործունեությանը նախարարին ծանոթացրեց ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը:
Արմինկան գայթակղիչ լուսանկար է հրապարակել
24 Մայիսի 2018 - 11:10
Լոսանջելեսում բնակություն հաստատած երգչուհի Արմինկան Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Իր տեղադրած համարձակ լուսանկարում երգչուհին կրում է սեւ հագուստ:
Նիկոլ Փաշինյանը նշանակում է կատարել
24 Մայիսի 2018 - 10:56
Ռուստամ Բադասյանը նշանակվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։
Օդանավակայանում այլեւս թռիչքից առաջ մատնահետք չեն վերցնում. Հրանտ Բագրատյան
24 Մայիսի 2018 - 10:45
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում այլեւս մատնահետք չեն վերցնում թռիչքից առաջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Տղեʹրք, այդպես միʹ արեք, նոր Հայաստանին չի սազում. Աշոտյանը հանդիմանել է Հ1-ին
24 Մայիսի 2018 - 10:41
Նոր Հ1-ի լրատվական թողարկումն եմ նայում, Կառավարության հետ Հարց ու պատասխանը։
Կիեւում տեղադրվել է Չեմպիոնների լիգայի հսկայական գավաթը
24 Մայիսի 2018 - 10:39
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումից առաջ Կիեւի կենտրոնում տեղադրել են Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի հսկայական գավաթը:
ԱՄՆ-ով ճամփորդող երկու անձի ամսական 10 հազար դոլար կվճարեն
24 Մայիսի 2018 - 10:38
White Claw Hard Seltzer թույլ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերությունը երկու ճամփորդի է փնտրում, որոնք «Լավ կյանք» արշավի դեսպաններ կդառնան։ Ծրագիրը կոչված է առաջխաղացնել առողջ և ակտիվ կենսակերպը։ Այս մասին հաղորդում է Travel and Leisure-ը։
Արցախի ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է
24 Մայիսի 2018 - 10:34
ԱՀ ոստիկանությունը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին և ծնողներին «Վերջին զանգ»-ի կապակցությամբ և մաղթում երեխաներին պայծառ ապագա:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 11496
 
Լրահոս`