Facebook   Twitter
 
Հայաստանում թոշակի անցնելուց հետո մարդը դադարում է ապրելուց, կարծես սպասում է իր մահվանը

Հայաստանում թոշակի անցնելուց հետո մարդը դադարում է ապրելուց, կարծես սպասում է իր մահվանը

30 Ապրիլի 2019 - 21:55
Տարիներ առաջ, երբ ուսանում էի Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, մեզ դասավանդում էր անսովոր սանրվածքով, դրական ու բաց էներգետիկ դաշտով մի կին՝ տիկին Աստղիկ Ավետիսյանը։ Ես պարտաճանաչ ուսանող չէի, հաճախ էի բացակայում դասերից, բայց երբ էլ ներկա էի լինում, տիկին Ավետիսյանին հաջողվում էր մեր մասնագիտության ու հաղորդակցվելու հանդեպ սեր սերմանել իմ մեջ։
Վերջերս, երբ տարիներ անց նորից հանդիպել էինք, բայց ոչ ուսանող-դասախոս կարգավիճակով, համոզվեցի՝ տիկին Ավետիսյանը կոչումով ու բաղադրությամբ ուսուցիչ է։ Սովորեցնելու և իր շուրջն ամեն բան ավելի լավը դարձնելու ձգտումը նրա էության անբաժանելի մասն է։

«Կենաց Ծառը» նախագծի շրջանակներում Աստղիկ Ավետիսյանը պատմել է իր կյանքի կարևորագույն դեպքերի, դեմքերի, հաղորդակցության ու գույների հանդեպ սիրո և այլ առանցքային երևույթների մասին։ Պատմել է ժպիտով ու իրեն բնորոշ խաղաղությամբ։
Զրույցի լավագույն հատվածները՝ ստորև․

Ծնվել եմ կապուտաչյա Սևանի ափին, ուսուցչի և լրագրողի ընտանիքում։ Իմ գալստյամբ ուրախ էին ծնողներս և եղբայրս․ ես փափլիկ, սպիտակամաշկ աղջնակ էի, ում հայրիկը «հրաշք» էր կոչում (ժպտում է,-հեղ․)։

Հիշում եմ մեր տանից մշտապես եկող գրքերի ու թերթի հոտը․ հայրս խմբագիր էր, բնականաբար, թերթը ձեռքին աշխատում էր նաև տան, մայրս էլ դպրոցում ուսմասվար էր, նա էլ տանը մշտապես տետրեր էր ստուգում, ուսուցիչների դասաբաշխմամբ էր զբաղվում, յուրաքանչյուր դասի համար հետաքրքիր նյութեր հայթայթում: Ամեն ինչ թուղթուգրիչի, գրքի և թերթի հետ էր կապված: Իսկ մենք խաղային դրվագների ստեղծողերն էինք։ Երբ ծնվեցին քույրս և եղբայրս՝ երկվորյակներ՝ մեր բանակը համալրվեց հետաքրքիր դեմքերով, իսկ հետաքրքիր դեպքերն առջևում էին: Ես մնացի մեջտեղում, երբ մեծացա, հասկացա, որ այդպես դարձա ավելի ինքնուրույն։

Երբ փոքր էի, երազում էի լրագրող դառնալ, չնայածինձ ասում էին՝ բանասեր դառնալը և ուսուցիչ լինելն առավել պատվաբեր է։ Հայրս վստահ էր, որ ժուռնալիստիկան կանացի մասնագիտություն չէ, իսկ ես մեծանում էի մտքով, որ հակառակը պիտի ապացուցեմ։ Հիմա էլ այն կարծիքին եմ, որ որևէ մասնագիտություն սեռ չի ճանաչում․ եթե կարող ես անել, պիտի անես։

Ազատ արտահայտվելը, կարծիք հայտնելը, ինքնատիպ ձեռագիր ունենալը (տեքստը նկատի ունի՝ հեղ.), իրենց ուրույն տեղն ունեին իմ կյանքում:

Այնուամենայնիվ, իմ ներսում շատ խորը հարգանք է ձևավորված ուսուցիչների հանդեպ։ Հստակ զգացողություն ունեմ՝ իրենք փոխում են մեր կյանքը։ Իմ կյանքում էլ եղել են նման ուսուցիչներ՝ հատկապես ոգևորելու և խրախուսելու տեսանկյունից։
Ուսուցիչը, դասախոսը ծնողից հետո մեկն է, ով քեզ ցույց է տալիս ճանապարհն ու ինչ-որ իմաստով նաև հարթում է այն քեզ համար։

Լինել ազնիվ, հարգել ուրիշներին, քայլել ինքնուրույն՝ ծնողներիցս ստացած լավագույն դասն է։ Նրանք հաճախ էին ասում, որ գիտելիքն ամենաամեծ ուժն է․ դու անկոտրելի ես դրանով։ Գիտելիքը միակ բանն է, որը հնարավոր չէ խլել մարդուց․ այս գաղափարը փոխանցում եմ նաև երեխաներիս։

Այսօր մեր հասարակությունը շատ ծայրահեղացված է, և դա գալիս է գիտելիքի լուրջ պակասից։ Իսկ գիտելիք ունենալու պարագայում ցանկացած մարդ հավասարակշռված է, ինչն էլ հնարավորություն է տալիս քայլ առ քայլ առաջ գնալու։

Որևէ տարիքում սովորելն ամոթ չէ, որովհետև չկա մեկը, ով գիտի ամեն ինչ։

Մեր կրթական համակարգը ևս փոփոխությունների կարիք ունի․ ժամանակն է, որ իրականացնենք ուսանողակենտրոն (աշակերտակենտրոն) մոտեցում: Որովհետև այլևս անցել է այն ժամանակը, երբ միայն ուսուցիչը կամ դասախոսը կարող է կանգնել դասարանում կամ լսարանում ու խոսել։ Ինտերակտիվ մեթոդներ պիտի օգտագործվեն, որ սովորողներին հնարավորություն տրվի ազատ ինքնարտահայտվելու, սեփական դիրքորոշումը ձևավորելու և բարձրաձայնելու, խնդիրներ լուծելու կարողություն սերմանել, ինչն էլ կձևավորի պատասխանատու քաղաքացու, մասնագետի և վերջապես ծնողի համապատասխան կերպար։

Իմ ուսանողական տարիները համընկան Հայաստանի համար խիստ բարդ շրջանի հետ։ Երկրում գումար չկար, մարդիկ չնչին աշխատավարձ էին ստանում։ Իսկ ես իմ սխալի պատճառով հայտնվեցի վճարովի համակարգում («Ստեղծագործական աշխատանք» քննության ժամանակ համարակալված տետրից թուղթ էի պատռել, որովհետև ջնջումներ էի արել, հանձնաժողովը երկընտրանքի առջև էր կանգնել կամ հեռացնել, կամ պատժել՝ նվազեցնելով գնահատականս: Ընտրեցի երկրորդ տարբերակը, ընդունվեցի, սակայն մեկ վտանգ կար՝ ուսման վարձը վճարել չկարողանալու հետևանքով կարող էի դուրս մնալ համալսարանից․ չորս երեխա ունեցող մտավորականների համար, այն էլ նման դժվար շրջանում շատ բարդ էր ապահովել վարձավճարը, և, Աստծո կամոք, հրաշք տեղի ունեցավ․․․

Գերմանահայ բժիշկների միության նախագահ Ռաֆայել Պապանյանը որոշեց, որ համալսարանից երեք ուսանողներ պիտի ֆինանսավորվեն։ Պայմանը գերազանցիկ և հասարակականապես ակտիվ լինելն էր, իսկ ես լավ էի սովորում, աշխատում էի առաջին իսկ կուրսից և հանրային գործունեություն ծավալում։ Իմ գերմաներենի դասախոս Նելլի Սողոմոնյանը, ով շատ լավ էր ճանաչում իր ուսանողներին, նրանց ունակությունները և ունեցած խնդիրները, առաջարկել էր ինձ ներառել այդ երաշխավորվող ուսանողների ցանկում։ Այդպես էլ եղավ։ Իմ վարձավճարը Գերմանիայի հայ բժիշկների միությունը ստանձնեց վճարել, հետագայում նաև արժանացա ՀՀ ժուռնալիստների միության Գրիգոր Արծրունու անվանական կրթաթոշակին, ինչը ինձ համար վստահ առաջ շարժվելու հնարավորություն տվեց:

Անհավանական պայմաններում մկրտվեցի։Ռաֆայել Պապանյանն առաջին անգամ եկավ Հայաստան, ու մենք ծանոթացանք․ ես որոշեցի, որ նա պիտի դառնա իմ կնքահայրը։ Մկրտված չէի, բայց երազում էի դրա մասին, ու երբ առաջարկս հնչեցրի, զարմացած նայեց ինձ ու դեմքը ճառագեց։ Մեկ օրվա մեջ կազմակերպվեց ամեն ինչ․ գնացինք Մարտունի․ այնտեղ կար գողտրիկ մի եկեղեցի, որն անտարբերության էր մատնված հասարակության կողմից, գտանք քահանային և մկրտվեցի։

Միշտ այն կարծիքին եմ եղել, որ օրհնված եմ Աստծո կողմից (ժպտում է,-հեղ․)։

Աստված մի երևույթ է, ում ներկայությունն անդադար զգացել ու զգում եմ թիկունքիս։ Ամենատարբեր որոշումներ կայացնելուց առաջ անպայման եկեղեցի եմ այցելում, ու խնդրում եմ Աստծուն ցույց տալ այն ճանապարհը, որով պիտի քայլեմ։ Եվ ինչ-որ կերպ ակնհայտ է դառնում՝ կարո՞ղ եմ գնալ այդ ուղով, թե՞ ոչ։ Նշաններ, այո՛, տրվում են։

Թեև մեծացել եմ աթեիստ միջավայրում, իսկ Մարտունիում միայն վերջերս է եկեղեցին սկսել գործել, բայց հայրս հետաքրքիր ու գիտելիքներով հարուստ մարդ էր, մեքենայով մեզ տանում էր տարբեր քանդված և կանգուն եկեղեցիներ, պատմական տեսարժան վայրեր, որտեղ կարելի էր ինչ-որ բան տեսնել, պեղել, թփի ու ծառի հետ ծանոթանալ, բնության հետ ներդաշնակվել, ինքնաճանաչման հասնել։

Այսօր Աստծուն ամենաշատը մոտ եմ զգում առավոտյան և երեկո։ Արթնանալուց հետո լցվում եմ գոհունակության զգացումով, իսկ երեկոյան ինքս ինձ տալիս եմ օրվա հաշվետվությունն ու նորից շնորհակալ սրտով աղոթում։

Քնելուց առաջ աղոթքն օգնում է մաքուր արթնանալ։

Հուսահատության պահերին սկսում եմ ինձ համար բոլորովին անծանոթ աշխատանք որոնել։ Իհարկե, ոչ բնագիտական ուղղվածության (ժպտում է,- հեղ․)։ Կյանքը ցույց է տվել, որ հուսահատության ժամանակ ամենաճիշտը սովորելն է, ստեղծագործական իրավիճակում հայտնվելը։ Որովհետև դա նշանակում է տալ ինքդ քեզ հնարավորություն։

Չեմ սիրում ուղիղ ճանապարհով գնալ․ հաճախ ինքս ինձ համար խնդիրներ եմ ստեղծում, հետո սկսում հաղթահարել դրանք։ Սա մի կողմից դժվարացնում է կյանքդ, մյուս կողմից էլ հետաքրքիր է դարձնում այն։ Ամուսինս նույնպես այսպես է ապրում, և երբ մենք որևէ խնդրի լուծման ճանապարհ ենք փնտրում, երբեք չենք ընտրում ամենահեշտը․ փորձում ենք տարբեր ուղիներ դիտարկել։ Սա ևս բերում է ինքնաճանաչման։

Ոչինչ հենց այնպես չանել, լինել արհեստավարժ ու անելիքդ անել սիրով՝ այսպես ենք ապրում մենք։

Կյանքը լիարժեք է, երբ կողքիդ են մտերիմներդ, երբ աշխատանքում հաջողում ես, կամ փորձում ես հաջողել, երբ առողջ միջավայրում ես ապրում, երբ աղքատություն չես տեսնում։ Աղքատությունը երբեմն ընտրություն է․ իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր շատ գումար չեն վաստակում, բայց այնքան հետաքրքիր են կազմակերպում իրենց կյանքն ու առօրյան։ Այդ մարդիկ պիտի խրախուսվեն և որպես օրինակ ներկայացվեն հանրությանը։

Մարդը սկսում է մահանալ, երբ զրկում է ինքն իրեն կյանքից, ապրելու հնարավորություններից։ Հայաստանում թոշակի անցնելուց հետո մարդը դադարում է ապրելուց, կարծես սպասում է իր մահվանը, մինչդեռ զարգացած երկրներում հենց այդ ժամանակ են սկսում ապրել՝ ազատված լինելով շատ հոգսերից։ Սա պիտի շտկվի մեր երկրում։ Որովհետև հարցը միայն նյութական ապահովածության մեջ չէ, այլ մտածողության։
Մեզ մոտ պիտի վերանա ծերանոց երևույթը․ պիտի ստեղծվի մի համակարգ, որի միջոցով ծերերը կինքնառեալիզացվեն, ընկերներ ձեռք կբերեն, զբաղմունքներ կունենան, իրենք իրենց պիտանի կզգան, ու կդադարեն ողջ օրն անցկացնել հեռուստացույցի առջև։

Մարդը միշտ պետք է իրեն օգտակար զգա, դա մոտիվացնում և ստեղծագործելու հնարավորություն է տալիս:

Մարդկային լավատեսությունն է պտտում Երկիր մոլորակը։ Երբ մի երևույթի լավատեսորեն ենք նայում, դա ձևավորում է դրական շարժում․ եթե շարժվում ես դու, շարժվում է քո միջավայրը, ապա նաև աշխարհը, մոլորակը․․․ Այն ամենն, ինչ ունենք, հրաշք է, արժեքներից սկսած մինչև բնության տված բարիքները։ Եթե չենք կարողանում դրանք շատացնել, պիտի հնարավորություն ու միջոցներ գտնենք դրանք պահպանելու։

Արժեքներն այն սյունն են, ինչի վրա հիմնված է կյանքս։ Չեմ կարող ապրել առանց դրանց և առանց դրանք փոխանցելու։ Հաղորդակցությունը կյանք է. ես միայնակ մնալ չեմ կարող, եթե նույնիսկ անմարդաբնակ կղզում հայտնվեմ, կգտնեմ որևէ մեկին, ում հետ կխոսեմ։ Ինձ համար առանցքային նշանակություն ունեն գույները, առանց որոնց չեմ պատկերացնում ինձ։ Իմ կյանքում ամեն ոլորտ իր գույնն ունի, ամեն ինչ գույների եմ բաժանում․ ընտանիքը զմրուխտի գույնն ունի (ժպտում և ցույց տալիս է տալիս նույնագույն շարֆը,-հեղ․), աշխատանքը՝ կանաչ. թարմություն ու նորություն եմ սիրում․․․ և սովորել։

Ամեն օր, ամեն վայրկյան սովորում եմ։

Պետք է ինքնաբավ լինել, հատկապես կանանց համար ինքնաբավ լինելը խիստ կարևոր է։ Ինքնաբավ՝ աշխատանքում, ընտանիքում, երեխաների շրջապատում։

Իմ կյանքի սերն ընտանիքն է, ավելի գլոբալ՝ հայրենիքը, որովհետև միայն այստեղ եմ ինձ այսքան ամուր զգում։ Կյանքն ինձ հնարավորություն է տվել աշխարհի շատ երկրներում լինել, բայց տեղը, ուր կատարելապես հանգիստ եմ ինքս ինձ հետ, Հայաստանն է։

Եղել եմ Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում։ Ամուսնուս հետ ներքին պայմանավորվածություն ունենք՝ ճամփորդելիս ուր էլ լինենք, գտնենք ու այցելենք հայկական եկեղեցի, որովհետև այն իր շուրջն է հավաքում մարդկանց։ Բոլոր հոգևոր-մարդկային կապերը հենց այդտեղ է հնարավոր գտնել։

Քրիստոս խաչվեց այն մարդկանց ձեռամբ, ովքեր չէին հավատում։ Անհավատներ կան նաև այսօր, և հոգևոր կյանքում վայրիվերումներ լինում են միշտ։ Պարզապես պիտի կարողանանք քայլել առողջացման ճանապարհով։ Մարդը կարող է ստեղծել և՛ բարին, և՛ չարը․ ժամանակն է ցույց տալիս՝ ով, ինչքանով։

Չեմ ուզում մտածել, որ դժոխք գոյություն ունի։

Դրախտն ինձ համար կանաչ տարածություն է, որտեղ սպիտակ հագուստով մարդիկ ապրում են ներդաշնակ ու համերաշխ մթնոլորտում։

Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝ մարդիկ, կարծում եմ, ավելի բարի կդառնան, ավելի համերաշխ ու ամբողջական կլինեն և՝ պակաս եսակենտրոն, ու կսկսեն արարել․․․

Աղբյուրը՝ qahana.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական