Facebook   Twitter
 
Աղասի Թադևոսյան. «…մոդեռնը  ինքնագլխություն է»

Աղասի Թադևոսյան. «…մոդեռնը ինքնագլխություն է»

07 Փետրվարի 2012 - 23:34
 
մի քանի օր առաջ, երբ Մարինե Պետրոսյանը հանդիպում-քննարկում էր կազմակերպել քաղաքականություն-մշակույթ թեմայով, երիտասարդ «քաղաքը» մի անկյունում տեղավորվել ու զննում էր ապագա քաղաքացիներին: ինչպես ամեն այս կարգի հանդիպման ժամանակ, այս անգամ էլ մենք դուրս եկանք մի քիչ լարված, բայց նոր մտքերով հարուստ ու նոր զրուցակիցներ բացահայտած:

Աղասի Թադևոսյանն այս հանդիպման ժամանակ խոսում էր մոդեռնիզացիայի մասին, որը նա համարում է կարևորագույն տրանզիցիոն երևույթ և որն, ըստ նրա, պետք է դառնա քաղաքական ծրագիր:
խոսեցի նրա հետ` հասկանալու սա ու ձեզ պատմելու:
ի՞նչ պետք է հասկանալ մոդեռնիզացիա ասելով:

մենք հիմա գտնվում ենք տրանզիցիոն փուլում. Հայաստանը, որ նախկին սովետական երկիր է, պետք է անցնի ինչ-որ նոր հասարակարգի, երկրում պետք է ձևավորել նոր իրավիճակ: նկատելի է, որ Հայաստանը պետք է դառնա կապիտալիստական երկիր: ժամանակակից կապիտալիստական երկրները բնորոշվում են ազատ շուկայով, դեմոկրատական քաղաքական համակարգով, մոդեռնիզացված հասարակությունով և մշակույթով: ի՞նչ է մոդեռնիզացիան:

սա առաջին հերթին իրավիճակ է, որտեղ հասարակության ու երևույթների հայացքն ուղղված է դեպի ապագան: սա նշանակում է, որ ստրատեգիաները կազմակերպում են ոչ թե ավանդական մեթոդներով, կայունացած մշակութային ավանդույթներով, այլ անընդհատ նորը ստեղծելով: անընդհատ պետք է ձևավորվեն նոր ռազմավարություններ, նոր նպատակադրումներ և դրանց հասնելու նոր ուղիներ: հասարակությունների և մարդկանց ռազմավարությունները որոշվում են նրանով, թե ի՞նչն է մարդը համարում ճշմարիտ, դրանք ուղղված են լավ կյանք ստեղծելուն նպաստող ճշմարտությունների բացահայտմանը:

մինչմոդեռնիսատական հասարակություններում լավ ապրելը ձևակերպվում է վերևից, դա տալիս է, օրինակ, կրոնական գիրքը: այստեղ մեծ դեր է խաղում ճշմարտության սրբազանացումը: բոլոր մարդիկ կրկնում են արարչագործությունը և նրանք իրավունք չունեն ինչ-որ ինքնագլուխ բաներ անելու: ինքնագլուխը` ստեղծագործականությունն է: մոդեռնը հենց ինքնագլխությունն է: մարդուն տրվում է ինքնորոշված լինելու իրավունք: մոդեռնը ինքնորոշված մարդն է, և ինքնորոշված հասարակությունը:
սա համայնքային կյանքի անցումն է հասարակականի: համայնքը միատարր է, որ կազմված է մեխանիկական նույնություններից: եթե ես ճակատագրի բերումով, անկախ իմ կամքից ձեր քույրը կամ եղբայրն եմ, ուրեմն մենք մի ընդհանրություն, մի համայնք ենք: իսկ հասարակության մեջ անհատն ինքն է որոշում իր պատկանելիությունը` ելնելով իր «ինքնագլխությունից»:

ինքնորոշվածության չափը երևում է այն մշակութային կապիտալի աստիճանով, որին տվյալ անհատը տիրապետում է: բայց մոդեռն հասարակությունը նաև այն հասարակությունն է , որտեղ անհատին տրվում է սեփական մշակութային կապիտալը ձևավորելու հավասար հնարավորություն բոլորի հետ: մշակությաին կապիտալն առաջին հերթին անհատի սեփական ճշմարտությունը ձևավորելու ունակությունն է: ցանկացած մարդ ինքնորոշվում է այն ժամանակ, երբ կարող է որոշել, թե ո՞րն է ճշմարիտ իր տեսանկյունից:

երբ մարդ փորձում է երևույթները մեկնաբանել, նա նոր տեքստ է ձևավորում: սա մշակութային կապիտալի տեքստուալ մասն է: երկրորդ կարևոր բաղադրիչն այն է, որ անհատը կարողանա տեքստային մակարդակի իր մշակութային կախպիտալն առարկայացնել և դրան տալ ֆորմաներ, որպեսզի ֆորմայի միջոցով իր ճշմարտությունը ներկայացնի աշխարհին: դա մշակութաստեղծնման պրոցեսն է:

մշակությաին կապիտալի կարևոր բաղադրիչներից մեկն էլ ինստիտուցիոնալիզացումն է: երբ մարդը իր տեսանկյունը ձևավորելու և դրանք առարկայացնելու պրոցեսում ստեղծում է ինստիտուտ, որպեսզի ապահովի դինամիկ վերարտադրություն:

իսկ որքանո՞վ է կարևորվում մշակութային կապիտալը:

մշակութային կապիտալը մոդեռնիզացված հասարկության կյանքում արմատականացված դեր է կատարում: ընդհանրապես, մոդեռնիզացված հասարակությունները այն տիպի հասարակություններն են, որտեղ հասարակական, մշակութային կյաքնում բոլոր փոխանակային հարաբերություններում ընկած է մշակությաին կապիտալը, և նպատակը ոչ թե տնտեսական, այլ մշակութային կապիտալի դինամիկ վերարտադրությունն է, որի հիմքում ընկած է անհատի բացահայտման, դրսևորման և ռեալիզացման խնդիրը:

ինչու՞ է կարևոր մոդեռնիզացիան անցումային երկրի համար:

հետխորհրդային տիպի երկրների համար մոդեռնիզացումը կարևոր է հենց այն պատճառով, որ գոյություն ունեն երևույթները մեկնաբանելու ինտերպրիտացիոն կոդեր: մարդու մեկնաբանելու կարողությունը կոդավորված է: օրինակ, ինձ համար այս իրը համակարգիչ է, եթե ես լինեի վայրենի ցեղի ներկայացուցիչ, ես չէի ունենա համապատասխան ինտերպրիտացիոն կոդ` դա ճանաչելու, և ես կինտերպրիտացնեի դա իմ նշանային համակարգի թույլ տված սահմաններում և կճանաչեի դա որպես մի իր, որ կարելի է խփել թշնամու գլխին:
սովետական ինտերպրիտացիոն կոդերն ունեցող հասարակությունը հայտնվեց նոր իրավիճակում, որտեղ իրեն ասում են, որ դու պետք է ինտերպրիտացնես քաղաքական դաշտը որպես բազմակուսակցական, պետք է կայանաս քո կամքի վրա, քո գիտակցության հիման վրա պետք է ընտրություն կատարես: այդ մարդը չի կարող, ինչու, որովհետև չի մոդեռնիզացվել:
մոդեռն աշխարհաճանաչողությունը համապատասխանում է արդի կապիտալիզմին և եթե մենք ուզում ենք արդի կապիտալիստական հասարկություն ձևավորել, ապա պիտի կարողանանք իրողությունները ինտերպրիտացնել մոդեռն կոդերով, որպեսզի մեզ հաջողվի ստեղծել և տնտեսական, և քաղաքական ազատ համակարգ:

պետությունն ի՞նչ դեր ունի այստեղ:

երբ ասում եմ, որ մոդեռնիզացիան պետք է լինի քաղաքական ծրագիր, նկատի չունեմ, որ պետությունը ինքը պետք է մշակույթ ստեղծի: այն պետք է ձևավորի օրենքներ, ունենա զարգացման ստրատեգիա:
մեզ մոտ խնդիրն այն է, որ պետական անձինք չունեն համապատասխան ինտերպրիտացիոն կոդեր: նման քաղաքականություն որդեգրած երկիրը խնդիր է դնում բարեփոխել իր կրթական համակարգը, պետական բյուջեյում մեծացնելու կրթության և գիտության չափաբաժինները: պետք է քաղաքական որոշում կայացվի և պետությունը նպաստի նորարարությանը:
սակայն պետությունը, մասնակցելով մոդեռնիզացիային, չպետք է լինի ոլորտային ծրագրեր ստեղծող, ուղղորդող, կառավարող, դա արդեն դառնում է սովետական մոդեռնիզմ, որտեղ երկրի առաջնորդը որոշում էր, թե որ արվեստ գործը ցուցադրվի և որը մերժվի: խոսքը պրոգրեսին միտաված պետական քաղաքականության մասին է:


այս հարցազրույցին կարծես «քաղաքը» լսում էր մի բան, որ երկար չէր կարողացել ինքնուրույն ձևակերպել: շատ հարցերն առաջացան հետո, որոնց մասին դեռ խոսակցություններ կլինեն:

նարե սահակյան

քաղաքը հարաբերությունների այն հարթակն է, ուր մարդիկ պարտավորված չեն տոհմացեղային, արյունակցական որևէ կապով, նրանց միակ շարժող ուժը գաղափարն է ու մտքերը, որոնք շրջանառվում են քաղաքային միջավայրում ու որոնց կրողն ես դառնում դու կամ հակադրվում ես` դրանով իսկ հարաբերվելով քաղաքայինի հետ: եթե որևէ միջավայրում կան մտքերի շրջանառություն և գաղափարական լարվածություն, այնտեղ կան քաղաքային մթնոլորտի ինչ-որ տարրեր:
այս նախագիծը մտածելու ու ստեղծելու մասին է:

HayNews.am

 
Նմանատիպ նորություններ
գործունեության մարդկային լինելը պայմանավորված է որոշակի հանդգնությամբ. Վարդան Ազատյան (մաս 4)
02 Ապրիլի 2012 - 23:51
ասացիք, որ արվեստը զուտ մարդկային գործունեություն է, իսկ ի՞նչն է բնորոշում մարդկայինը
ապահմտացումը նույնպես հմտություն է. Վարդան Ազատյան
29 Մարտի 2012 - 23:45
(սկիզբը կարդացեք նախորդ երկու հրապարակումներում)
արվեստը հմտություն է. Վարդան Ազատյան
27 Մարտի 2012 - 23:30
եթե քաղաքականությունը կարող ենք սահմանել որպես արվեստ, այդ դեպքում ի՞նչ է արվեստը
«քաղաքը»… դեռ սկզբում
21 Մարտի 2012 - 00:50
մենք «քաղաքը» մշակութաբանական շարք ենք պատրաստում: ինչ է քաղաքը:
Մինաս. խեղճ քաղաքն ու չվազող գյուղը
16 Մարտի 2012 - 00:35
Մինասի գյուղը ես տեսել եմ և ոչ…
սեռային Կալենցը
14 Մարտի 2012 - 23:26
սեր ու լուռ կանացիություն կա կապույտից վարդագույնին անցնելու այս խաղաղության մեջ:
կտավից նայում է մի սևաչյա կին: Արմինե Կալենցն այստեղ ոչ մտավորական է, ոչ էլ նկարիչ, նա Հարություն Կալենցի սիրելի կինն է: այս հոգատար նկարում նա պատկերել է իր` երեխայի սպասող կնոջը:
բուրգի գագաթին խուճապ է...
12 Մարտի 2012 - 23:59
«արժանապատիվ տրանսպորտ» պողոտան այսօր ոտքի էր ելել: «քաղաքը» գնաց ու տեսավ փորձարկվող և արդեն կայացած երկխոսության տարբեր մոդելներ:
Բոլոր մարդիկ նույնն են, թե՞ կան «ես»-եր
11 Մարտի 2012 - 14:44
գրիգոր խաչատրյանի հետ հանդիպումը լի էր հակասություններով:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
Սթիվ Ջոբսը երազում էր iCar-ի ստեղծման մասին
Միջազգային, Հասարակություն
 
 
 
 
 
 
 
 
 
Մեզ մոտ ոչ մի մուռ հանոցի չկա. Մազմանյան
Մշակույթ, Հասարակություն