Facebook   Twitter
 

Կախարդական փայտիկներ` չտեսնող մարդկանց համար

16 Նոյեմբերի 2011 - 14:20
 
Չզարմանաք, եթե Երևանի փողոցներում առաջիկա մեկ-երկու շաբավա մեջ տեսնեք աչքերը կապած երիտասարդների, ովքեր սպիտակ փայտիկները գետնին սահեցնելով փորձում են քայլել: 18 հոգուց բաղկացած այդ խումբը Մանկավարժական համալսարանի տիֆլո-մանկավարժության բաժնի ուսանողներն են, նրանց Լեհաստանից եկած կամավորները սովորեցնում են` ինչպես տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց օգնել կողմորոշվել տարածությունում:
«Երբ լիովին տիրապետենք հմտություններին` ինստրուկտորներ ենք դառնալու»,-ժպտալով պատմում է ուսանող Քնարիկ Հմայակյանը. «Կօգնենք կույր մարդկանց փողոց դուրս գալ, մինչև իրենք սովորեն՝ կլինենք իրենց աչքերը: Երջանիկ կլինեմ, եթե ինչ-որ բանով կարողանամ օգնել չտեսնող մարդու: Հայաստանում կարծում են` «եթե կույր ես, ուրեմն ոչինչ չես կարող անել», մենք պետք է փոխենք կարծիքը՝ չտեսնող մարդը հասարակության լիարժեք անդամ է»:
Լեհուհի Ալինա Տալուքտեռը ժամանել է Հայաստան` վեց այլ կամավորների հետ: Նա աշխատում է Լեհաստանի Պոզնան քաղաքի տեսողության խնդիրներ ունեցող երեխաների կրթահամալիրում. «Երբ իմացա, որ Հայաստանում նման մասնագետ չկա, միանգամից համաձայնեցի գալ: Շատ կարևոր է, որ մարդ կարողանա ինքնուրույն տեղաշարժվել քաղաքում»:
Ալինան հոգատար և անհանգիստ ուսուցչուհի է, նա հերթով վազում է աչքները կապած ուսանողների մոտ՝ ուղղորդում և խորհուրդներ տալիս նրանց. «Ձեր ձեռքի փայտիկը պետք է պարի ձեր ձեռքում, աջ-ձախ, ոչ թե կոպիտ թխկթխկա: Այն ձեզ պետք է ինֆորմացիա տա շրջապատում առկա ամեն ինչի մասին՝լինի դա փոս, ծառ թե դուռ»:
Սպիտակ ձեռնափայտերը, որ բերվել են Լեհաստանից` արժեն 14.000 դրամ: Չտեսնող մարդու համար այն նման է կախարդական փայտիկի, որի օգնությամբ կարելի է գնալ ուզածդ տեղը և չսպասել ուղեկցորդի, այն տալիս է մաքսիմալ ինֆորմացիա շրջապատի մասին: Փայտիկը շատ թեթև է՝ ձեռքը չի հոգնեցնում, նաև հեշտությամբ ծալվում է, եթե չտեսնող մարդը օգտվի քաղաքային տրանսպորտից, ապա նստելով կարող է միանգամից ծալել այն: Փայտիկի վրա կան լուսանդրադարձիչներ՝ մեքենաների վարորդները միանգամից կնկատեն փայտիկը փողոցը հատող հետիոտնի ձեռքում: Սպիտակ գույնն է ընտրված, որպեսզի փողոցում քայլող մարդկանց համար էլ միանգամից նկատելի լինի այն: Այս կախարդական փայտիկը գործածության մեջ է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում 1931 թվից, սակայն դրանից երբևէ չի վաճառվել և ներկայումս էլ չի վաճառվում Հասաստանում: «Ինչու՞»-ին պատասխանում է «Հանգրվան» հասարակական կազմակերպության նախագահ Ստելլա Սվիրիդենկոն, ով այս սեմինար-ակցիայի Հայաստանյան կողմի կազմակերպիչն է:
«Հայաստանյան «Կույրերի միությունը» ոչինչ չի անում բարելավելու իրավիճակը: Քանի որ որքան չտեսնող մարդը ինքնուրույն և վստահ լինի, այդքան պահանջները կմեծանան իրենցից: Իսկ իրենց դա ձեռք չի տալիս: Իրենց հարմար է ունենալ խեղճ, օգնության սպասող զանգված»,-վստահորեն ասում է Սվիրիդենկոն:
Նա երազում է տեսնել Հայաստանում ապրող տեսողական լուրջ խնդիրներ ունեցող մարդուն ազատ և ինքնավստահ: Իր երազանքի իրականացման համար կոնկրետ ծրագիր ունի՝ ստեղծել վերականգնողական կենտրոն. «Վերականգնողական կենտրոն ասելիս մարդիկ պատկերացնում են, որ պետք է ոտքը կամ ձեռքը ցավա, բայց այդպես չէ: Պետք է չտեսնող մարդուն սովորոցնենք ազատ քայլել մեր քաղաքում, երկրում»:
Ըստ նորմատիվի, 100 ժամ է անհրաժեշտ չտեսնող մարդուն գերազանց տիրապետելու փայտիկին, իսկ ինստրուկտորին՝ 250 ժամ: Ստելլա Սվիրիդենկոն իր պատկերացրած կենտրոնի համար տարածք է խնդրել «Կույրերի միությունից», վստահ լինելով, որ պետք է ուրախությամբ համաձայնվեն, շահագրգռված լինեն, սակայն մերժվել է. «Ունենալով հսկա տարածքներ` տալիս են վարձակալման՝ զուտ եկամուտ հետապնդելով, իսկ կույրերի համար ոչինչ չի արվում»,-հայտարարում է նա:
Հայաստանում ապրող 12 000-ից ավել տեսողական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ անտեղյակ են, որ կան միջոցներ, որոնց օգնությամբ կարող են լինել ակտիվ, ինքնուրույն: «Աշխատանքը որ սկսել ենք պետք է կոմպլեքսային դառնա՝ թե վարորդների, թե հասարակության հետ»,-ասում է Սվիրիդենկոն:
Առաջին քայլն արդեն սկսված է՝ երեքշաբաթյա դասընթացների ավարտին Հայաստանը կունենա տարածքային կողմորոշման 18 ինստրուկտորներ: «Հանգրվան» հասարակական կազմակերպության հետ այս սեմինար-ակցիան կազմակերպել և հովանավորում են Լեհաստանի կույրերի միությունը, «Արիարի» հիմնադրամը, Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Արփի Մաղաքյան

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ոսկե գնդակի» համար կպայքարեն...
05 Դեկտեմբերի 2011 - 16:24
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 3277
 
Լրահոս`